Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները Տավուշի մարզից տարածքներ հանձնելու հնարավորության վերաբերյալ հանդես են եկել հայտարարությամբ՝ իշխանություններին կոչ անելով հրաժարվել պարտվողական գործելաոճից, տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվակական համակարգից։
«Իշխանություններին կոչ ենք անում ծառացած հիմնախնդիրների շուրջ բանակցություններում ընթացք չտալ պարտադրվող այնպիսի լուծումների, որոնք հայրենիքը կկանգնեցնեն անվտանգային նոր մարտահրավերների առջև»,- ասված է հայտարարության մեջ։
Մայր Աթոռից նշել են, որ տարածքային զիջումներն անթույլատրելի են։
«Վերջին շրջանի զարգացումները այլևս կասկած չեն թողնում, որ Հայաստանի իշխանություններն Արցախի լիակատար հայաթափման և ՀՀ տարածքների բռնազավթման պայմաններում, տեղի տալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին, պատրաստվում են վերջինիս հանձնել Տավուշի մարզից տարածքներ՝ նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծում»,- ասված է հայտարարությունում։
Ըստ այդմ՝ պարտվողական այս մոտեցմամբ, տարածքային ցավալի հերթական զիջումներով, հաչս միջազգային հանրության՝ լեգիտիմացվում են Հայաստանի տարածքների նկատմամբ Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը և դատապարտելի հավակնությունները,- հավելել են Մայր Աթոռից։
Նշել են, որ եկեղեցին միարժեքորեն ողջունում է խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ողջամիտ ջանքերն ու գործընթացները:
«Անվիճարկելի է, որ միակողմանի զիջումներով «խաղաղության դարաշրջան» կերտելու` Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը ոչ միայն անիրատեսական է, այլև աղետաբեր: Հայրենի հողի շուրջ սակարկումները և չարդարացված շարունակական զիջումները երբեք անվտանգային միջավայր չեն կարող ապահովել մեր ժողովրդի համար»,- ընդգծել են Մայր Աթոռում։
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Բաքվի կողմից սահմանազատման նախապայմանների մասին։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ: