ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, հայտնում է ՀՀ կառավարությունը։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է գնալ լուծումների 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, 2023 թվականի մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում, ինչպես նաև 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում համաձայնեցված սկզբունքների հիման վրա: Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարել այդ սկզբունքներն աղավաղելու ցանկացած փորձ:
Ըստ կառավարության՝ քննարկվել են Հայաստան-Գերմանիա համագործակցությանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը կանցլեր Շոլցին շնորհակալություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստան-Գերմանիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանն աջակցելու համար:
Փետրվարի 17-ին Մյունխենում տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Գերմանիայի կանցլերի Օլաֆ Շոլցի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։ Նույն օրը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի առանձնազրույցը։