ՀՀ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ Երևանը կհրաժարվի Ադրբեջանի հետ ստորագրել փաստաթուղթ, եթե կողմերը համաձայնության չգան։
«ՀՀ տարածքից, Տավուշի մարզից որևիցե բան քննարկման ենթակա չէ: Բանակցություններ են վարվում, աշխատանքային խմբերը հանդիպում են, բայց դա ոչինչ չի նշանակում: Կարող է ինչ-որ պահի ընդհանրապես հրաժարվենք որևիցե բան ստորագրել, եթե համաձայնության չգանք»,- ընդգծել է ԱԺ նախագահը:
Սիմոնյանը նաև մեջբերումներ է արել նախկինում ընդունված որոշումներից: Նա ասել է, որ իշխանությունը 2009թ. վարչատարածքային օրենքի մեջ փոփոխություն է կատարել, որում նշվում է. «Ներկայացված նախագծով նախատեսվում է նախկինում Ադրբեջանի կազմում եղած Տիգրանաշեն գյուղն ընդգրկել Արարատի մարզի Պարույր համայնքի, Բարխուդարլու և Ասկիպարա գյուղերը՝ Ազատամուտ և Ոսկերապար համայնքների կազմում՝ միաժամանակ նշելով, որ նրանց սահմանները կճշտվեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո»:
Սիմոնյանն ընթերցել է նաև 2016թ. Տավուշի մարզպետարանի գրությունը. «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի առաջին հոդվածի չորրորդ կետում նշված է Ասկիպարա գյուղը: Տեղյակ եմ պահում, որ Տավուշի մարզում այդպիսի բնակավայր երբեք չի եղել, այն եղել է Ադրբեջանի ՍՍՀ Ղազախի շրջանի անկլավ ՀՀ Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար վարչական տարածքում և անցած դարի 90-ական թվականներին ադրբեջանական բնակավայրերի վերաբնակվելուց հետո դադարել է գոյություն ունենալ»:
Սիմոնյանի խոսքով՝ այն ժամանակվա «Դաշնակցություն» խմբակցությունը կողմ է քվեարկել այս նախագծին:
Մարտի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Բաղանիս-Այրում, Աշագի-Ասկիպարա, Խեյրիմլի և Քըզըլ Հաջիլի գյուղերը խորհրդային տարիներին Հայաստանի քարտեզից դուրս են եղել, իսկ Աշաղի-Ասկիպարա և Քըզըլ Հաջիլի գյուղերը ներկայումս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Մանրամասները՝ տեսանյութում: