ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ Տավուշի մարզի բնակավայրերում ադրբեջանական զինծառայողների ներկայությունը մեկուսացնելու է բնակավայրերը և լուրջ վնաս է հասցնելու Հայաստանի անվտանգությանը:
Նա հայտնել է, որ Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Բերքաբեր, Կիրանց, Աճարկուտ, Ոսկեպար, Բաղանիս Այրում և այլ բնակավայրերում, ինչպես նաև միջպետական ճանապարհի՝ նշված բնակավայրերի հատվածներում, իրականացրել են փաստահավաք աշխատանքներ:
«Ապացույցները ևս մեկ անգամ հաստատում են, որ չի կարելի թույլ տալ ադրբեջանական զինված ծառայողների որևէ ներկայություն մեր բնակավայրերի հարևանությամբ կամ ճանապարհներին: Դա անհնարինության է վերածելու մարդկանց կյանքը, կոպտորեն խախտելու է նրանց իրավունքները և խաթարելու է անվտանգությունը, մեկուսացնելու է բնակավայրեր և լուրջ վնաս է հասցնելու Հայաստանի անվտանգությանը, իսկ սա որևէ առնչություն չունի սահմանների որոշման հետ (սահմանագծում կամ սահմանազատում)»,- ընդգծել է ՀՀ նախկին ՄԻՊ-ը:
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Բաքվի կողմից սահմանազատման նախապայմանների մասին։