Ընդդիմադիր «Միասին» շարժումը հայտարարել է ԱԺ երեք խմբակցություններին կառավարության ներկայացրած բյուջեի կատարողականը մերժելու նախագիծ ներկայացնելու մասին:
«Դեմոկրատական» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը խորհրդարանի մոտ հրավիրված հանրահավաքի ժամանակ ընթերցել է խմբակցություններին ներկայացված ՀՀ ԱԺ որոշման նախագիծը:
Դիլբարյանի խոսքով՝ հնարավոր է մեծամասնություն չունենալով ԱԺ-ում հասնել կառավարության հրաժարականին, քանի որ «ՀՀ սահմանադրությանն ու օրենքներին դեմ գնացող պատգամավորը դառնում է հանցագործության մասնակից»:
Նախագծում մեջբերում են Սահմանադրության այն հոդվածները, որոնք վերաբերում են կառավարության գործունեությանը:
«2021թ․ օգոստոսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ծրագիր-փաստաթղթի հիմնական բովանդակությունը բացարձակ խախտվել է: Այդ ժամանակից ցայսօր հանրապետության վարչապետի և կառավարության իրականացրած քաղաքականությունը ոչ միայն շեղվել է օրենքի ուժ ստացած ծրագրի հիմնական բովանդակությունից, այլև վարչապետի և նախարարների հայտարարությունների, իրականացրած գործողությունների հետևանքով ձախողվել է»,- ասվում է նախագծում:
Ըստ նախագծի՝ ձախողումները վերաբերում են Արցախյան հակամարտության հարցին, ՀՀ դաշնակիցներին ու արտաքին քաղաքական հիմնական ուղղություններին, զինված ուժերի բարեփոխումներին, ինչպես նաև ռազմական, տնտեսական, սոցիալական ոլորտների առաջնահերթություններին: Շարժման նախաձեռնողները համոզված են, որ ելնելով վերոնշյալից՝ ՀՀ Ազգային ժողովի երեք խմբակցությունները ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիր-օրենքի կատարումը պետք է գնահատեն տապալված․ և ԱԺ-ն համապատասխան որոշմամբ պետք է մերժի կատարողականը:
Շարժման համակարգող, «Դեմոկրատական» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հայտարարել է, որ կառավարությունն ու վարչապետն օրինական չեն, և բյուջեի կատարողականը քննարկելով՝ պատգամավորները լեգիտիմացնում են նրանց:
Սարգսյանն անդրադարձել է Փաշինյանի այն հայտարարությանը, որ «ճանապարհ էինք գնում, հետո բաներ տեսանք, որոշեցինք, որ պետք է փոխել»:
«Դու ճանապարհ ես գնում քո ծրագրով, քո ստանձնած պարտավորություններով, եթե բան է փոխվել, պիտի գայիր Ազգային ժողով ու ասեիր, որ փոխում ես ճանապարհը»,- ընդգծել է նա:
Ընդդիմադիր գործիչը հայտարարել է, որ ստիպված դիմելու են իրավապահ մարմիններին․ «Գլխավոր դատախազին հարցնելու ենք՝ տեսնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում, դուք էլ եք դրա համար պատասխանատվություն կրելու: Վաղվանից այդ փաստաթուղթը կպատրաստենք ու կուղարկենք դատախազին»:
Սարգսյանը հավելել է, որ սպասելու են պատգամավորների քայլերին, և եթե օրենքի պահանջը չկատարեն, փաստաթղթերը կներկայացնեն իրավապահ մարմիններին ու կհավաքվեն «Ազատության» հրապարակում:
«Միասին» շարժումը փետրվարի 20-ից բողոքի ցույցեր է անցկացնում Երևանում՝ Հայաստանի իշխանությունների հրաժարականի պահանջով։ Ապրիլի 9-ին շարժումը կոչ էր արել խորհրդարանական խմբակցություններին դեմ քվեարկել կառավարության կատարողականի հաստատմանը։
Մանրամասները՝ տեսանյութում: