Հայաստանն ու Միացյալ Նահանգները քննարկում են հայկական կողմին շտապօգնության զրահապատ մեքենաներ մատակարարելու հարցը, «Ազատության»-ը հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
Նրա խոսքով՝ կողմերը քննարկում են Հայաստանի կարիքները ռազմական ոլորտում և արդեն պայմանավորվել են մի քանի հարցերի շուրջ։
«Հայաստանը խնդրել էր շտապօգնության զրահապատ մեքենաներ, որոնցով նրանք կարող են մտնել հակամարտության տարածք, և այդ մեքենաներով տեղափոխվող մարդիկ պաշտպանված կլինեն: Մենք արդեն պայմանավորվել ենք, որ առաջ ենք գնալու այս հարցում, և այժմ աշխատում ենք դրա իրագործման եղանակների վրա, որպեսզի կարողանանք տրամադրել այդ օգնությունը»,- նշել է Քվինը:
Դեսպանը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ից ժամանած խորհրդականը Հայաստանի պաշտպանության նախարարությանն օգնելու է կարողությունների զարգացման հարցում:
«Մենք ուզում ենք օգտակար լինել, և կաշխատենք ներքին բարեփոխումների ուղղությամբ, թե ինչպես Հայաստանի պաշտպանության նախարարությունը համապատասխանեցնել ժամանակակից չափանիշներին ու ավելին անել խաղաղապահ ոլորտում»,- ընդգծել է նա:
Ապրիլի 5-ին Բրյուսելում կայացել էր Հայաստանի վարչապետի հանդիպումը Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ։ Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտնել էր, որ Եվրամիությունը 270 մլն եվրո կհատկացնի Հայաստանի զարգացման համար առաջիկա չորս տարում, Բլինքենն, իր հերթին, հայտարարել էր Հայաստանին 65 մլն դոլարի չափով օգնություն տրամադրելու ԱՄՆ պատրաստակամության մասին։