ԱԺ-ում ապրիլի 9-ին տեղի ունեցած սահմանազատման և սահմանագծման հարցերի փակ նիստի ժամանակ ընդդիմադիրներն իշխանություններին ներկայացրել են տարբեր տարիներին Հայաստանի և Ադրբեջանի ԽՍՀ-ների միջև սահմանների վերաբերյալ համաձայնեցված իրավական փաստաթղթեր և հորդորել դրանցով իրականացնել սահմանագծումը, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Այդ փաստաթղթերից մեկով՝ Փաշինյանի հիշատակած 4 տարածքից առնվազն 2-ը չեն համարվում ադրբեջանական։ «Խոսքը 1988-ին կնքված փաստաթղթի մասին է, որը Հայաստանի կողմից ստորագրել է Կենտկոմի քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը»,- գրել է թերթը։
Ըստ հրապարակման՝ դա Հայաստանի և Ադրբեջանի ԽՍՀ-ների միջև սահմանների վերաբերյալ համաձայնություն է, որն ստորագրել են տարբեր գերատեսչությունների տված եզրակացությունների հիման վրա, ապա այն ստորագրել է Մոսկվան։
«Փաստաթղթում հստակ ամրագրել են սահմանագծումը, որի մի կետով ասվում է, որ Բաղանիսի և Ոսկեպարի սովխոզներին վերադարձվում են համարժեք տարածքներ՝ Ասկիպար գյուղի տների կառուցման համար հատկացված հողերի դիմաց»,- ասված է հրապարակման մեջ։
Ըստ թերթի՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավաստիացրել է, որ բոլոր փաստաթղթերը հանձնաժողովներն ուսումնասիրում են, խնդիրն այն է, որ չկա համաձայնություն։
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Բաքվի կողմից սահմանազատման նախապայմանների մասին։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ: