ՀՀ Ազգային ժողովը չի ընդունել ընդդիմության նախաձեռնած՝ հասարակական հետաքրքրություն ներկայացնող «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրները» թեմայով հրատապ քննարկման արդյունքով առաջարկված «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը:
Նախագծին կողմ է քվեարկել 31, դեմ՝ 1 պատգամավոր: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու քվեարկությանը: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դա բացատրել է այն հանգամանքով, որ նախագիծն իրենց է փոխանցվել փակ նիստից 1-2 ժամ առաջ, կազմման աշխատանքներին չեն մասնակցել:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը շեշտել է, որ հրատապ քննարկումից 52 ժամ է անցել, և ցանկության դեպքում կարելի էր և՛ ծանոթանալ, և՛ առաջարկներ ներկայացնել:
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ ապրիլի 9-ին խորհրդարանում փակ խորհրդակցություն էր տեղի ունեցել սահմանազատման հարցով։