Հայաստանում ԵՄ դիտորդներն օրերս այցելել էին Ոսկեպար, որտեղ ոսկեպարցիների և ԵՄ դիտորդների միջև վեճ է տեղի ունեցել, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ վեճը ծավալվել է այն բանից հետո, երբ ԵՄ դիտորդներն Իջևան-Ոսկեպար ճանապարհը և հարակից տարածքներն ադրբեջանական են համարել։
«Ոսկեպարցիները, տեղեկանալով դիտորդների այցի մասին, շտապել են հանդիպել նրանց հետ, սակայն երբ դիտորդները հայտնել են, որ իրենք Իջևան-Ոսկեպար ճանապարհը շրջանցել են, քանի որ այդ և հարակից տարածքները, իրենց կարծիքով, ադրբեջանական են, թեժ վեճ է ծավալվել ոսկեպարցիների և ԵՄ դիտորդների միջև։ Ոսկեպարցիները դիտորդներին վռնդել են՝ ասելով, որ թույլ չեն տա իրենց հայրենի հողն ադրբեջանական համարել»,- գրում է թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթը հայտնել է նաև, որ ոսկեպարցիները բանակային 3-րդ կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանի հետ օրերս հանդիպում են ունեցել և հրամանատարին հորդորել են իշխանությանը ևս փոխանցել, որ թույլ չեն տալու Տավուշից հող հանձնել։
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Բաքվի կողմից սահմանազատման նախապայմանների մասին։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ: