ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ապրիլի 12-ին Մինսկում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին և ներկայացրել հայաստանյան կողմի դիրքորոշումը նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսական փոխգործակցության ներուժի իրացման համատեքստում Մնացական Սաֆարյանն ընդգծել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը, որը ենթադրում է տրանսպորտային և կոմունիկացիոն ուղիների ապաշրջափակում և ցանցի ստեղծում՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության, ինչպես նաև իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։
Ըստ գերատեսչության, տարածաշրջանային ընթացիկ գործընթացների համատեքստում շեշտվել է ԱՊՀ հիմքում ընկած անկյունաքարային փաստաթղթերի՝ ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրի և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի դրույթների պահպանման կարևորությունը։
Նիստի արդյունքներով ընդունվել է «Լրագրողների մասնագիտական գործունեության համար անվտանգ պայմանների ապահովման և նրանց իրավունքների ոտնահարման անթույլատրելիության մասին» հայտարարությունը, որում, մասնավորապես, կարևորվել է լրագրողների ազատ և անկախ գործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը՝ համաձայն հավատարմագրման պետության ազգային օրենսդրության, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների ժողովուրդների և ազգային արժեքների նկատմամբ վիրավորական բովանդակությամբ թողարկումների անթույլատրելիությունը։
Նշվում է, որ պատվիրակությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ, քննարկել ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Ապրիլի 9-ին Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել էր ԱՊՀ նախարարների հանդիպմանը ՀՀ փոխնախարարի մասնակցության մասին։ Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն տեղեկացրել էր, որ գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի ապրիլի 12-ի նիստին։ ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 7-ին՝ Մոսկվայում։