Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչները դեմ են միակողմանի զիջումներին, Ոսկեպարում ակցիայի ժամանակ հայտարարել է համայնքի ղեկավար Իշխան Աղբալյանը։ Ակցիան կազմակերպել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը:
«Բոլորիդ հետաքրքրում է ոսկեպարցիների տեսակետը ներկայացված սահմանազատման վերաբերյալ։ Ոսկեպարի յուրաքանչյուր աշակերտ կարող է պատասխանել, թե դա ինչ հետևանքների կբերի: Ոսկեպարցիների անունից ասում եմ, որ ոսկեպարցին «ոչ» է ասում միակողմանի զիջմանը։ Չի լինելու նման բան»,- նշել է նա:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ ոսկեպարցին «ոչ» է ասում իր տան շեմով սահման գծելուն. «Ոսկեպարցին ցույց է տվել սահմանը, որտեղ շփման գիծն է, որտեղ կանգնած է հայոց զինվորը, գնացեք և թղթի վրա հաստատեք»:
Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներին սահմանազատման միջպետական հանձնախմբում ընդգրկելու իշխանությունների մտադրությունը թակարդ է:
Նրա խոսքով՝ դա հետագա արհավիրքների պատասխանատվությունը գյուղացիների վրա բարդելու համար է արվում:
«Եթե վաղը ինչ-որ լուծում եղավ ու մենք ասացինք, որ սա անընդունելի է, ասելու են՝ դուք արեցիք, պատասխանատվությունն այդ գյուղացիների վրա է լինելու: Դուք որոշեցիք, քննարկեցիք ու լուծումն այդպես եղավ»,- ասել է սրբազանը:
Նրա խոսքով՝ եթե գյուղացիները համաձայն լինեն և պատերազմ լինի, ասելու են՝ էլի դուք արեցիք, «բա հանձնախմբի մեջ էիք, չհամաձայնեցիք մեր առաջարկին, դրա համար էլ պատերազմ սկսվեց»:
Տավուշի թեմի առաջնորդը շեշտել է, որ պատերազմի կամ այլ արհավիրքների մեղավորը հենց իշխանավորներն են, որ չեն կարողացել անվտանգ ու ապահով երկիր ժառանգած լինելով փոխանցել հաջորդներին:
«Այս մարդկանց գլխում այդպես է. զղջում, ապաշխարություն, խոստովանություն, կյանքի սրբագրում գոյություն չունի: Մեղավոր եք բոլորդ: Այո՛, մեղավոր ենք, որ մինչև հիմա նստած եք այդտեղ: Մենք պայքարելու ենք ստի, կեղծիքի դեմ»,- հավելել է սրբազանը:
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Բաքվի կողմից սահմանազատման նախապայմանների մասին։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում: