Մեր թիմում ընդունելի չէ, երբ որոշումները սակարկվում են, հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ Armenia Today-ին այսպես մեկնաբանելով «Հայաստանի հեռուստառադիոհեռարձակման ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մուշեղ Միլիտոնյանին աշխատանքից ազատելու մասին որոշումը:
«Երբ կայացվում են որոշումներ, շատ կարևոր է, որ դրանք կատարվեն։ Մինչև որոշումներ կայացնելը ես անձնապես 100 անգամ քննարկում եմ: Չեմ մտաբերում այնպիսի դեպք, որ կարող է փակվեմ իմ աշխատասենյակում, միանձնյա որոշեմ և հանձնարարություններ տամ՝ հատկապես այնպիսի որոշումներ, որոնք բազմակողմանի ուսումնասիրության, վերլուծության անհրաժեշտություն ունեն և պետք է լինեն խիստ տրամաբանված ու հիմնավոր»,- պարզաբանել է նախարարը։
Մարտի 30-ին «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը» (ՀՀՌՑ) հայտնել էր Հայաստանի տարածքում լրագրող Վլադիմիր Սոլովյովի հեղինակած հաղորդումների հեռարձակումն արգելափակելու մասին։ Նույն օրը «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ չհստակեցնելով պատճառները:
Ապրիլի 10-ին Հայրապետյանը չէր բացառել, որ Հայաստանը կարող է միակողմանի խզել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» միջպետական համաձայնագիրը: