ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ 1 միլիոն արժողությամբ «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» խորագրով բարեգործական ընթրիքին մասնակցել են գործարար կանայք, իրենց օգնականները, աշխատակիցները, հարազատները, ինչպես նաև Աննա Հակոբյանի աշխատակիցները, հայտնել է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի տեղեկությունների՝ հավաքին ներկա են եղել Սամվել Ալեքսանյանի կինը` Շողերինան, աղջիկները, քույրը՝ «Աստղիկ» ԲԿ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանի կինը, MAVI-ի տնօրեն Հասմիկ Ռաշոյանը, «Լարա» շոկոլադի գալերեայի տնօրեն Լաուրա Նահապետյանը, «Դայմոնդ» ռեստորանային համալիրի հիմնադիր տնօրեն Նարինե Չարչյանը, Խաչատուր Սուքիասյանի դուստրը, «Թեյան» ընկերության հիմնադիր Աստղիկ Գալստյանը, «Աննա-թեյ»-ի հիմնադիր Աննա Սահակյանը և այլք։
Լրատվականը նշել է, որ ընթրիքն անցկացվել է փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն հոլովակ են տարածել։
«Հրապարակված տեսանյութից երևում է, որ մասնակիցների թիվը հազիվ 40-45 հոգի լինի։ Թվում է՝ ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին և ինչու»,- գրել է թերթը։
«Իմ քայլը» հիմնադրամը մարտի 28-ին 1 մլն դրամի դիմաց բարեգործական ընթրիքի էր հրավիրել և հայտարարել, որ հավաքագրված գումարները կուղղվեն մարզերի սկսնակ գործարար կանանց աջակցությանը։