Պատերազմը երբեք խնդիրներ չի լուծել, Իրանը գոհ չէ տարածաշրջանում լարվածության աճից, լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով Armenia Today-ի՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի և Բաքվի տեղեկատվական արշավների մասին հարցին հայտարարել է ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Լարվածության աճը վնաս է ինչպես տարածաշրջանի ժողովրդի, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի հարևանների համար։ Մենք երկու կողմին էլ հանգստության և զսպվածության, ինչպես նաև երկխոսության միջոցով խաղաղության հասնելու կոչ ենք անում»,- հայտարարել է դեսպանը։
Նրա խոսքով՝ լարվածությունը նվազեցնելու կարևոր գործոններ են երկխոսությունն ու դիվանագիտությունը։
«Լարվածությունը նվազեցնելու կարևոր գործոն է նաև հարգանքն ազգային ինքնիշխանության, միջազգայնորեն ճանաչված սահմանների, միջազգային իրավունքի անձեռնմխելիության նկատմամբ»,- ասել է նա։
Armenia Today-ի մյուս հարցին՝ Երևանն ու Թեհրանը քննարկո՞ւմ են արդյոք կոմունիկացիոն ծրագրերի համատեղ իրականացման հնարավորությունը, մասնավորապես՝ Հայաստանի տարածքով դեպի Սև ծով տարանցիկ երթուղու իրականացման շուրջ, դեսպանը նշել է, որ կոմունիկացիոն ոլորտը ՀՀ-ի և Իրանի համար համագործակցության կարևորագույն ուղղություն է։
«Հայաստանն Իրանի համար դեպի հյուսիս և Սև ծով ելքի շնչուղի է։ Իրանը Հայաստանի համար ևս շնչուղի է՝ դեպի հարավ, դեպի Պարսից ծոց և Հնդկաստան դուրս գալու համար։ Մենք առաջիկայում պայմանավորվածություններ ենք ձեռք բերելու փոխադրումների, ինչպես նաև տարանցման ոլորտում։ Այն իր մեջ տարանցիկ փոխադրումների վճարների նվազեցում է ներառելու»,- եզրափակել է դեսպանը։
Մանրամասները՝ տեսանյութում։