ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Եվրոպայի խորհրդին կոչ են արել խստորեն դատապարտել Հայաստանում ժողովրդավարության շարունակական հետընթացը և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների կոպիտ խախտումները: Նրանք մատնանշել են իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ հետապնդումները:
«Հարյուրավոր անձինք ապօրինաբար ձերբակալվել, միայն ոստիկանների ցուցմունքներով տևական ժամանակ անազատության մեջ են պահվել իրենց ընդդիմադիր գործունեության համար»,- ասվում է ընդդիմադիր խմբակցությունների հայտարարության մեջ:
Խմբակցությունները նշել են, որ հակառակ իշխանության փորձերին՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն արձանագրում են Հայաստանում ժողովրդավարության անկումը՝ կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, ընդդիմադիր համայնքապետերին պաշտոնանկ անելու՝ արդեն մի քանի տարի շարունակվող միտումների և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով:
«Շինծու մեղադրանքներով տևական ժամանակ անազատության մեջ էին ընդդիմադիր պատգամավորներ, պատգամավորության ընդդիմադիր թեկնածուներ, ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներ, մի շարք համայնքի ղեկավարներ և հանրային տասնյակ գործիչներ»,- նշվում է հայտարարության մեջ:
Խմբակցությունները նաև հրավիրում են մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների ուշադրությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող դեպքերի վրա:
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի ազգային ժողովրդավարական կառավարման վարկանիշը 2,5 կետից իջեցրել էր 2,25-ի։ Սա ազդել է Հայաստանում ժողովրդավարության վարկանիշի վրա, որը 3,11-ից իջել է 3,07-ի: Ապրիլի 8-ին Երևանում՝ ՀՀ արտգործնախարարության շենքի մոտ, որտեղ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում էր ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ, բողոքի ցույց էր տեղի ունեցել՝ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով: