Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ՔՊ պատգամավորները Վահե Ղալումյանի գլխավորությամբ եռօրյա այց են կատարել Սյունիք, գրել է «Հրապարակ»-ը՝ նշելով, որ «պատերազմից հետո նրանք խուսափում էին դա անել»։
«Պատերազմից հետո նրանք Սյունիքից խուսափում են` նկատի ունենալով Փաշինյանին ուղղված սյունյաց ողջույնների պատմությունը: Միայն մարզային պատգամավորները երբեմն լուսանկարներ են հրապարակում իրենց ընտրողների հետ հանդիպումներից»,- գրել է թերթը:
Ըստ հրապարակման՝ պատվիրակության կազմում ԱԺ տարածքային հարցերի հանձնաժողովի իշխանական անդամներն են եղել, որոնք հանդիպումներ են ունեցել համայնքներում։ Սակայն այցն, ըստ թերթի, այնքան էլ աշխատանքային չի եղել՝ պատգամավորները սեփական նախաձեռնությամբ չեն այցելել Սյունիք:
Այցն իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման «Հայաստանի խորհրդարանի արձագանքման արդյունավետության թափանցիկության և ներառականության խթանում» ծրագրի շրջանակներում, որտեղ Սյունիքն առաջին մարզն է։ Թերթի տեղեկություններով՝ այսպիսի այցեր լինելու են նաև մյուսներում։