ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 17-ին, այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար համայնք, տեղեկացրել է կառավարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ վարչապետը տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը, ապա պատասխանել է ոսկեպարցիների հարցերին։
Նա այս տարի առաջին անգամ Տավուշ էր այցելել մարտի 18-ին և խոստացել 10 օր անց վերադառնալ՝ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով։
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Բաքվի կողմից սահմանազատման նախապայմանների մասին։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ: