Արարատի քաղաքապետարանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն՝ Վահե Աղազարյանին պատկանող նորաստեղծ «Շին կորտ» ընկերությունից քաղաքապետ Ասլան Ավետիսյանի համար 45 000 դոլարով ծառայողական մեքենա է ձեռք բերել, գրում է Civilnet.am-ը։
Գնման պայմանագիրն ստորագրվել է ապրիլի 15-ին։ Ըստ աղբյուրի՝ մեքենայի գնման տեխնիկական բնութագիրը գրվել է այնպես, որ անպայման ձեռք բերվի էլեկտրական Volkswagen ID 6 Crozz ամենագնաց։
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը տեխնիկական բնութագրի մեջ մակնիշին հղում տալը վիճելի է համարել, քանի որ Գնումների մասին օրենքով մակնիշի հղում չպետք է կատարվի։
ԶԼՄ-ն հայտնել է, որ մարտի 11-ին Արարատի քաղաքապետարանը հայտարարություն էր հրապարակել էլեկտրոնային աճուրդի մասին։ Բուռնազյանը խնդրահարույց է համարել նաև այն, որ ոչ թե բաց մրցույթով, այլ էլեկտրոնային աճուրդի ընթացակարգով է իրականացվել։ Ըստ փորձագետի՝ այս երկու ընթացակարգերի էական տարբերություններից մեկն այն է, որ բաց մրցույթի դեպքում ավելի երկար ժամանակ է տրվում մանակիցներին առաջարկներ ներկայացնելու համար, իսկ էլեկտրոնային աճուրդի դեպքում ժամկետները սահմանափակ են։
«Կարող է կասկած առաջանալ, թե այդ փոքր կառույցին որքանո՞վ է անհրաժեշտ այդ ֆունկցիոնալության մեքենան։ Անկեղծ ասած՝ չեմ հասկանում ամենագնաց մեքենա ձեռք բերելու իմաստն այս դեպքում»,- նշել է փորձագետը։
Մկրտիչ Կարապետյան
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։