Տավուշի ռազմավարական տարածքների զիջման հարցը վերաբերում է ոչ միայն սահմանամերձ գյուղերի բնակիչներին, դա ամբողջ հայ ժողովրդի խնդիրն է, հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցը Հայաստանի սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս և Կիրանց գյուղեր։
Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել փակ ձևաչափով` առանց հեռախոսների և լրատվության ներկայացուցիչների: «Ակնհայտ է, որ խնդիրը միայն Ոսկեպար, Բաղանիս և Կիրանց գյուղերի բնակիչներին չի վերաբերում։ Ռազմավարական տարածքների զիջման հարցը ողջ հայ ժողովրդի հարցն է»,- ասվում է հայտարարության մեջ։
Նախաձեռնությունը վերահաստատում է, որ ՀՀ սահմանազատման և սահմանագծման հարցը չի կարող լուծվել միայն Տավուշի մի քանի գյուղի բնակիչների համաձայնությամբ կամ անհամաձայնությամբ՝ այդպիսով պետության ողջ հետագա ճակատագրի և տարածքային ամբողջականության պատասխանատվությունը պետության ղեկավարի ուսերից թոթափել և այն թողնել քաղաքացիների վրա։
Շեշտում են, որ հարցը գյուղաբնակ հայրենակիցների ուսերին թողնելը սոցիալական իմաստով նաև նշանակում է ներքին երկպառակտություն, թշնամություն և ատելություն սերմանել գյուղացիների կյանքում, որոնք կարող են համաձայնություն կամ անհամաձայնություն հայտնել տվյալ չափազանց կարևոր հարցի վերաբերյալ: Այսպիսով՝ քայքայվելու է Տավուշի գյուղերում տիրող ներքին համերաշխությունը, որը պահպանվել է հակառակ բոլոր ներքին և արտաքին դժվարությունների:
«Իշխող ուժի որդեգրած նման վարքագիծը դատապարտելի է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերը չեն կարող լուծվել Տավուշի գյուղերի մի քանի բնակիչների ջանքերով։ Հարցը պետք է լուծվի ՀՀ օրենքների և միջազգային պայմանագրերի սահմանած կարգերի համաձայն: Այլ առաջարկներն ու գաղափարներն ապօրինի են»,- հավելում է նախաձեռնությունը՝ հիշեցնելով, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ հանձնելը, իշխանության վերազանցությամբ ընդունված ապօրինի որոշումները պետության դեմ ուղղված ծանր հանցագործություններ են:
Կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ վարչապետը Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։
Վերջին երկու ամսվա ընթացքում սա Փաշինյանի երկրորդ հանդիպումն է տավուշցիների հետ: Նա այս տարի առաջին անգամ Տավուշ էր այցելել մարտի 18-ին և խոստացել 10 օր անց վերադառնալ՝ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով։
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Բաքվի կողմից սահմանազատման նախապայմանների մասին։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ: