Հայաստանի իշխանությունները չեն նախատեսում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել նախքան Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման մեկնարկը։ Այս մասին Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ղեկավարը Facebook-ում հրապարակել է հանդիպման տեսագրությունից մի հատված։
«Չեմ համարում, որ այդպես պետք է լինի»,- պատասխանել է Նիկոլ Փաշինյանը Բերքաբերի բնակիչներից մեկի այն առաջարկին, ըստ որի այս իշխանությունն ընտրվել է այլ խոստումներով, ճիշտ կլինի իրենց առաջարկած պրոցեսներից առաջ նորից ընտրություններ կազմակերպեն:
«Այս ամենն աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխություններին մեր արձագանքն է: Ընտրություն ենք արել, ՌԴ-ի ու Ուկրաինայի միջև է պատերազմ սկսվել, կարող է ուրիշ պատերազմ սկսվել, որը մեր իրավիճակի վրա կոնկրետ ազդեցություն կունենա: Այսինքն՝ ամեն շաբաթ պետք է ընտրությո՞ւն անենք»,- հարցրել է Փաշինյանը:
Նա հայտարարել է, որ ՔՊ նախընտրական ծրագրում չկա մի կետ, որի հետևից իրենք մինչև վերջ ու անկեղծորեն չեն գնացել: Նրա խոսքով՝ իշխանության խնդիրը սեփական ժողովրդին առկա իրավիճակին ադապտացնելն է:
«2026 թվականին ընտրություն է լինելու, այն ժամանակ եթե ուզեք՝ կփոխեք իշխանությանը»,- ասել է նա:
Կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ վարչապետը Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։