Կառավարությունը զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի որոշ հիվանդություններ ճանաչեց սահմանափակումով պիտանի։ Որոշումն ընդունվեց կառավարության ապրիլի 18-ի նիստում։
Ըստ նախագծի՝ խոսքն առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների, կիստաներ ունեցող կամ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ և ուսուցանման ու գրագիտության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց զինվորական ծառայությունը ոչ պիտանի ճանաչելու, ինչպես նաև ուռոլոգիական և նյարդաբանական համակարգի հիվանդությունների առանց ախտանիշների հաստատված գիշերամիզություն ունեցող պարտադիր ժամկետային զինծառայողների զորացրման դեպքերի մասին է։
«Նշված հիվանդությունների դրսևորման համապատասխան վիճակներն առաջարկվում է ճանաչել զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի, ինչպես նաև սահմանվում են զինվորական ծառայության սահմանափակումներ, որոնց շրջանակում կիստաների առկայությամբ սահմանափակումները նախատեսվելու են զորամասի բժշկի կողմից, գիշերամիզություն հիվանդությամբ ծառայությունը շարունակվելու է օրվա հեշտացված կարգավիճակով, իսկ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող զինծառայողները չեն ընդգրկվում մարտական հերթապահության, արգելվում է տրանսպորտային միջոցներ և տեխնիկա վարելն ու անձնակազմ ղեկավարելը»,- ասաց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարարը նշեց, որ գիշերամիզություն հիվանդությամբ այսօր էլ զորակոչվում են բանակ, սակայն խնդիրը հետագայում ծառայությունից ազատվելու մասին է։ Նախարարի խոսքով՝ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ նկատվում է վերոնշյալ հիվանդություններով ազատումների դեպքերի անգամներով աճի դինամիկա։