Մեծ ծավալի աշխատանք է պետք անել, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է մեկնաբանել 20-րդ դարում «երկրից մեկնած ադրբեջանցիների վերադարձի համար պայմաններ ստեղծելու հեռանկարը» և նշել, որ դա հնարավոր կլինի խաղաղության պայմանագրի կնքման դեպքում:
«Խոսելով ադրբեջանցիների մասին, որոնք 80-ականների վերջին և 90-ականների սկզբին հակամարտության արդյունքում լքել են Հայաստանը, ինչպես նաև հայերի մասին, որոնք նույն ժամանակահատվածում հեռացել են Բաքվից, Սումգայիթից և ադրբեջանական այլ քաղաքներից, ես կցանկանայի նշել, որ այդ քաղաքացիների հնարավոր վերադարձի պայմաններ ստեղծելու համար անհրաժեշտ է մեծ ծավալի աշխատանք կատարել»,- հայտարարել Է Զախարովան:
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ ադրբեջանցիների վերադարձը Հայաստան և հայերի վերադարձն Ադրբեջան, որտեղից նրանք արտաքսվել են, հնարավոր է միայն ժողովուրդների հաշտեցման դեպքում, երբ մարդիկ կարողանան անվախ և անարգել մեկնել հարևան երկիր և բնակվել երկրների տարածքում:
«Դրան կնպաստեն Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումը և հաղորդակցությունների ապաշրջափակումը»,- հստակեցրել է Զախարովան։
Նա հավելել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել այնտեղից տեղահանված հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի գործընթացին։
«Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տարածաշրջան՝ իրենց իրավունքների և, իհարկե, անվտանգության պատշաճ ապահովման դեպքում։ Մեր կողմից պատրաստ ենք ամեն կերպ աջակցել այդ գործընթացին»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Այսպես կոչված՝ Արևմտյան Ադրբեջանի համայնքը 2023 թվականի նոյեմբերին Նախիջևանում անցկացրել էր «Արևմտյան Ադրբեջանի» մասին փառատոն և այն անվանել քայլ դեպի «վերադարձ» ժամանակակից Հայաստանի տարածք։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումայի հետ հանդիպման ժամանակ Երևանին մեղադրել էր ադրբեջանցիների՝ «Հայաստան վերադառնալու» իրավունքը ժխտելու մեջ: