ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատմել է ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին սպառազինություն մատակարարելու առաջարկի մասին՝ Sputnik ռադիոկայանին, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին և «Մոսկվան խոսում է»-ին տված հարցազրույցում պատասխանելով ՀԱՊԿ-ին անգործության մեջ մեղադրելու Հայաստանի հայտարարություններին։
«2022 թվականին Երևանում կայացած գագաթնաժողովում ՀԱՊԿ-ը համաձայնեցրեց Հայաստանին սահմանները պաշտպանելու համար լրացուցիչ սպառազինություն փոխանցելու, հատուկ վարժանքների անցկացման և հայ-ադրբեջանական սահմանին կազմակերպչական առաքելություն տեղակայելու մասին փաստաթուղթ»,- ասել է ռուս նախարարը։
Նրա խոսքով՝ բոլոր նախարարները, այդ թվում՝ Հայաստանի, հավանություն են տվել այդ փաստաթղթին։ «Եվ առավոտյան, բացելով գագաթնաժողովը, վարչապետն (Հայաստանի-խմբ.) ասաց, որ կոնսենսուս չկա»,- պարզաբանել է ռուս դիվանագետը։
Լավրովը նաև մեկնաբանել է Երևանի քննադատությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտու վերաբերյալ։ «Երբ ասում են, որ ՀԱՊԿ-ը չի կարող սահմանել իր պատասխանատվության գոտին Հայաստանում, հարկ է նշել, որ Հայաստանն ինքը չի սահմանել այն»,- նշել է նա։
Դիվանագետը հավելել է, որ Հայաստանը Բաքվի հետ միասին պատրաստակամություն է հայտնել հարգել 1991 թվականի սահմանները՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի, բայց, միևնույն ժամանակ, ստեղծել է սահմանազատման հանձնաժողով։
«Միևնույն ժամանակ՝ Փաշինյանը վերջերս հայտարարեց Տավուշի մարզում չորս ոչ անկլավային գյուղերի մասին, որոնք պատրաստ է փոխանցել։ Իսկ 1991 թվականի սահմանները, որոնք Փաշինյանը ցանկանում էր, որ ՀԱՊԿ-ը պաշտպաներ, հաշվի չեն առնվում»,- ասել է Լավրովը։
Հարցազրույցում նախարարը նշել է, որ Ռուսաստանը դեռևս Հայաստանին վերաբերվում է որպես դաշնակցի ոչ միայն իրավական առումով։ Նա հույս է հայտնել, որ Երևանում կան մարդիկ, ովքեր հասկանում են Մոսկվայի կարևորությունը հանրապետության զարգացման համար։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում կայացած ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովում ասել էր, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները երկու որոշման նախագծերի շուրջ համաձայնության չեն եկել։ Նա նշել էր, որ չի ստորագրել Հայաստանին օգնություն տրամադրելու մասին հռչակագիրը և հայտարարությունը, քանի որ կազմակերպությունը հրաժարվել է քաղաքական գնահատական տալ Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիային։
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2023 թվականի ապրիլի 13-ին «Սիվիլնեթին» տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի կողմից հանրապետությանն առաջարկվող օգնությունը հիմնականում վերաբերում է Հայաստան դիտորդներ ուղարկելուն և ռազմատեխնիկական օգնություն չի նախատեսում։
2023 թվականի ապրիլի 21-ին ՀԱՊԿ քարտուղարությունը, ի պատասխան Armenia Today-ի հարցմանը, հայտնել էր, որ կազմակերպության՝ Հայաստանին օգնության մասին փաստաթղթի նախագիծը ներառում է ոչ միայն դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանի հետ սահման, ՀԱՊԿ-ում նշել են, որ բացի առաքելությունից, նախագիծը պարունակում է նաև այլ պայմաններ, սակայն կոնկրետ ի՞նչ և արդյոք ռազմատեխնիկական օգնությունը դրանց թվում է, ՀԱՊԿ-ը չէր բացահայտել՝ վկայակոչելով փաստաթղթի փակ լինելը։