Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 8-րդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, որտեղ անդրադարձ է կատարվել ՀՀ 4 գյուղին, տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։
Նշվում է, որ սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (Հայաստան)-Բաղանիս Այրում (Ադրբեջան), Ոսկեպար (ՀՀ)-Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ)-Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ)-Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Սահմանագծի տվյալ հատվածների արձանագրություն-նկարագրություն է լինելու, որը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև մայիսի 15-ը:
«Կողմերը կդիմեն իրենց կառավարություններին՝ սահմանագծի համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով: Համաձայնել են նաև, որ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտն արձանագրություն-նկարագրությունում նշված համաձայնեցված սահմանագծի հատվածները կհամարվեն սահմանազատված»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մինչև հուլիսի 1-ն ավարտին հասցնել պետական սահմանի Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները։
«Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով: Կողմերը պայմանավորվել են նաև տվյալ հիմնարար սկզբունքն ամրագրել կանոնակարգի նախագծում (եթե հետագայում ՀՀ և ԱՀ միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն տվյալ համաձայնագրով սահմանված սկզբունքներին): Կողմերի կողմից կանոնակարգի հաստատումից հետո պայմանավորվել են համաձայնեցնել հերթականությունը և շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերով»,- հավելել են ԱԳՆ-ից։
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Բաքվի կողմից սահմանազատման նախապայմանների մասին։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ: Փետրվարի 9-ին Գրիգորյանը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կարող են հանդիպել սահմանազատման հարցի շուրջ: Գրիգորյանը հավելել էր, որ հայկական կողմը ձգտում է ապահովել, որ սահմանազատման համար օգտագործվող տեղագրական քարտեզներն ունենան իրավական հիմք: