Բաղանիսի և Կիրանցի բնակիչները տարբեր հատվածներում փակել են Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը, հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ Ոսկեպար, Բաղանիս, Կոթի, Ոսկեվան, Բարեկամավան գյուղերի բնակիչները Նոյեմբերյան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածն են փակել, պահանջում են, որ մարզպետը ներկայանա: Պարբերականը նշում է, որ բնակիչներին զայրացրել է, որ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ հայտարարել էր, որ Տավուշի գյուղերը չի հանձնելու, իսկ այսօր բոլորովին հակառակ հայտարարություն է տարածվել:
Ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել պետական սահմանի Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 8-րդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, որտեղ անդրադարձ է կատարվել ՀՀ 4 գյուղին:
Գերատեսչությունը նշել էր, որ սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (Հայաստան)-Բաղանիս Այրում (Ադրբեջան), Ոսկեպար (ՀՀ)-Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ)-Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ)-Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Վարչապետի աշխատակազմը որոշ մանրամասնել էր հայտնել սահմանազատման գործընթացից: