ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը X-ի էջում գրառում է կատարել` ողջունելով սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը։
«Մենք ողջունում ենք այն հայտարարությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի շուրջ՝ որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք»,- գրել է նա:
Պետքարտուղարը հավելել է, որ սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ:
Ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել պետական սահմանի Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 8-րդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, որտեղ անդրադարձ է կատարվել ՀՀ 4 գյուղին:
Գերատեսչությունը նշել էր, որ սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (Հայաստան)-Բաղանիս Այրում (Ադրբեջան), Ոսկեպար (ՀՀ)-Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ)-Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ)-Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Վարչապետի աշխատակազմը որոշ մանրամասնել էր հայտնել սահմանազատման գործընթացից: