ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարԱնտոնիո Գուտերեշը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում շարունակել սահմանի մնացած հատվածների սահմանազատումն ու սահմանագծումը և լուծել գոյություն ունեցող բոլոր երկկողմ հարցերը` հարաբերությունների լիարժեք կարգավորման նպատակով, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:
«Գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Նա ողջունում է սահմանազատման հարցով համաձայնությունը, որ ձեռք է բերվել ապրիլի 19-ին Հայաստանի ու Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովների կողմից»,- ասված է հայտարարության մեջ:
Ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել պետական սահմանի Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 8-րդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, որտեղ անդրադարձ է կատարվել ՀՀ 4 գյուղին:
Գերատեսչությունը նշել էր, որ սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (Հայաստան)-Բաղանիս Այրում (Ադրբեջան), Ոսկեպար (ՀՀ)-Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ)-Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ)-Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Վարչապետի աշխատակազմը որոշ մանրամասնել էր հայտնել սահմանազատման գործընթացից: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը։