Առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց, Ստեփանավանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը։
«Երեկվա հայտարարության հետ կապված կուզենայի, որ տեղի ունեցածի քաղաքական նշանակությունը գնահատենք։ Ես չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը, բայց նաև չէի ուզի, որ թերագնահատեինք, որովհետև շատ կարևոր է արձանագրել, որ ըստ էության՝ առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց»,- ասել է վարչապետը։
Ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել պետական սահմանի Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 8-րդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, որտեղ անդրադարձ է կատարվել ՀՀ 4 գյուղին:
Գերատեսչությունը նշել էր, որ սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (Հայաստան)-Բաղանիս Այրում (Ադրբեջան), Ոսկեպար (ՀՀ)-Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ)-Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ)-Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Վարչապետի աշխատակազմը որոշ մանրամասնել էր հայտնել սահմանազատման գործընթացից: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։