Ադրբեջանի հետ ապրիլի 19-ի պայմանավորվածությունները ձեռքբերում են և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի համար, քանի որ ՀՀ-ն և Ադրբեջանը երկկողմ ստորագրությամբ հաստատել են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, Ստեփանավանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հաստատեցինք նաև, որ սահմանազատման գործընթացում ոչ թե նոր սահման է ստեղծվելու, այլ վերարտադրվելու է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանը: Սա կարևոր նրբություն է, որովհետև գիտեք, որ 1988-1991 թվականներին տարբեր շարժեր են եղել, իրադարձություններ են եղել: Այս քննարկումների ժամանակ առանցքային բանավեճերից մեկը նա էր, թե ինչպե՞ս ձևակերպել, որ հենց նկատի առնվի ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանների վերարտադրման փաստը»,- նշել է վարչապետը:
Փաշինյանը նաև արձանագրել է, որ այս իրադարձությունը համարում է անկյունաքարային ՀՀ ինքնիշխանության, անկախության, զարգացման հաջորդ փուլի համար: Նրա խոսքով՝ այս անկյունաքարի շուրջ պետք է կարողանան կառուցման, ստեղծման գործընթացն իրականացնել՝ հավելելով, որ այս որոշումն էականորեն նվազեցնելու է անվտանգային ռիսկերը, որն առկա է ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով:
«Պայմանավորվել ենք սահմանի այս հատվածի վերաբերյալ, բայց նաև հիմնարար սկզբունք ենք որդեգրել սահմանազատման հետագա ողջ գործընթացի համար, ինչը նշանակում է, որ բոլոր վիճահարույց հարցերն արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն նստել և բանակցային սեղանի շուրջ լուծել»,- ընդգծել է վարչապետը:
Ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել պետական սահմանի Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 8-րդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, որտեղ անդրադարձ է կատարվել ՀՀ 4 գյուղին:
Գերատեսչությունը նշել էր, որ սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (Հայաստան)-Բաղանիս Այրում (Ադրբեջան), Ոսկեպար (ՀՀ)-Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ)-Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ)-Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Վարչապետի աշխատակազմը որոշ մանրամասնել էր հայտնել սահմանազատման գործընթացից: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։