ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանավանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է Տավուշից ռուսական հենակետերի դուրսբերման մասին հարցին։
«Ռուսական հենակետերը հայտնվել են մի իրադրության բերումով, իսկ հիմա այն, ինչ տեղի է ունենում, իրադրության էական փոփոխություն է, որն իր ազդեցությունը կունենա բոլոր ուղղություններով: Դա նշանակում է, որ մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ինչը խաղաղության նշան է, իսկ դա նշանակելու է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահներն իրար հետ փոխգործակցելով ինքնուրույն ի վիճակի են լինելու իրականացնել սահմանի պահանություն»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ շատ է խոսվում այն մասին, թե ինչ գործառույթ է իրականացնելու բանակը:
«Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, և ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի: Այսօր արդեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները կապի մեջ են իրար հետ, և նրանք պետք է պայմանավորվեն, թե ծառայությունն ինչպես են իրականացնելու: Ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա բոլորովին այլ խնդիր է»,- նշել է վարչապետը՝ հորդորելով սադրանքների չտրվել:
Ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել պետական սահմանի Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 8-րդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, որտեղ անդրադարձ է կատարվել ՀՀ 4 գյուղին:
Գերատեսչությունը նշել էր, որ սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (Հայաստան)-Բաղանիս Այրում (Ադրբեջան), Ոսկեպար (ՀՀ)-Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ)-Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ)-Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Վարչապետի աշխատակազմը որոշ մանրամասնել էր հայտնել սահմանազատման գործընթացից: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։