Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման նպատակով 2 աշխատանքային խումբ է ստեղծել, տեղեկանում ենք կառավարությունից։ Հանձնաժողովները կգործեն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից։
Փաշինյանի որոշմամբ՝ առաջին աշխատանաքային խումբն իրականացնելու է Բաղանիս (ՀՀ)-Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ)-Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ)-Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ)-Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի համապատասխան հատվածների գեոդեզիական չափումները, որի արդյունքում, կոորդինատները հստակեցնելուց հետո արձանագրություն-նկարագրության նախագիծ է ստեղծվելու։ Վարչապետի որոշման մեջ նշված է, որ
աշխատանքային խմբի աշխատանքները կազմակերպելու նպատակով ներգրավելու են ոլորտային մասնագետներ՝ գեոդեզիստներ և քարտեզագիրներ։
Առաջին՝ 7 անդամ ունեցող աշխատանքային խմբի գործունեությունը համագարկելու է ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ Դավիթ Սանամյանը։ Կազմում ընդգրկվել է նաև Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՏԿե փոխնախարար Հովհաննես Հարությունյանը, ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Գուգարացը, ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Կարեն Գրիգորյանը։
Երկրորդ աշխատանքային խմբի ղեկավարը Փաշինյանի որոշմամբ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն է։ Աշխատանքայիյն խմբում է նաև Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Իջևանի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Ոսկեպարի ղեկավար Իշխան Աղբալյանը, Բաղանիսի ղեկավար Գևորգ Սահակյանը, Բերքաբերի ղեկավար Տիգրան Հարությունյանը, Կիրանցի ղեկավար Կամո Շահինյանը, Ոսկեպարի բնակիչ Սերոբ Մախսուդյանը, Բերքաբերի բնակիչ Սուրեն Խուդավերդյանը, Կիրանցի բնակիչ Անդրանիկ Նազարյանը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների բողոքի ակցիաներն սկսվել էին ապրիլի 19-ի երեկոյան, ցուցարարները փակել էին Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը: Ապրիլի 20-ին ճանապարհը բացել էին այն բանից հետո, երբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ապրիլի 22-ին տավուշցիների ներկայացուցիչների և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև հանդիպում անցկացնել։ Ապրիլի 22-ին, սակայն, բնակիչները վերսկսել էին ակցիաները, քանի որ զորքերի հետքաշման նպատակով ՊՆ-ի կողմից Կիրանցի հատվածում ականազերծման աշխատանքներ էին սկսվել։ Ականազերծման աշխատանքներ են սկսվել նաև Ոսկեպարում, որտեղ բնակիչները փորձել են խոչընդոտել գործընթացը։
Ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Սահմանազատման հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են գործընթացն սկսել Տավուշի մարզից։ Այդ օրն ավելի ուշ ՀՀ վարչապետի աշխատակազմը նշել էր, որ սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին: Աշխատակազմում հստակեցրել էին, որ գործընթացի արդյունքում «Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն է՛լ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին»։