Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճաժամկետ հեռանկարում կկարողանան անձամբ քննարկել տարբեր հարցեր, այդ թվում՝ ռուս սահմանապահների հեռանալու մասին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ռիա Նովոստին։
«Այս առումով կրկին ազդակներ չկան։ Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինը և վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան քննարկել դա, անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ հրատապ հարցեր»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Տավուշի դիրքերից ռուս սահմանապահների դուրսբերումը։
Ավելի վաղ Փաշինյանը լրագրողներին ասել էր Ադրբեջանին սահմանակից Տավուշի մարզում ռուս սահմանապահների ներկայության հետ կապված իրավիճակի փոփոխության մասին՝ նշելով, որ նրանց դիրքերը հետ են կանչվելու։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների բողոքի ակցիաներն սկսվել էին ապրիլի 19-ի երեկոյան, ցուցարարները փակել էին Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը: Ապրիլի 20-ին ճանապարհը բացել էին այն բանից հետո, երբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ապրիլի 22-ին տավուշցիների ներկայացուցիչների և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև հանդիպում անցկացնել։ Ապրիլի 22-ին, սակայն, բնակիչները վերսկսել էին ակցիաները, քանի որ զորքերի հետքաշման նպատակով ՊՆ-ի կողմից Կիրանցի հատվածում ականազերծման աշխատանքներ էին սկսվել։
Ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Սահմանազատման հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են գործընթացն սկսել Տավուշի մարզից։ Այդ օրն ավելի ուշ ՀՀ վարչապետի աշխատակազմը նշել էր, որ սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին: Աշխատակազմում հստակեցրել էին, որ գործընթացի արդյունքում «Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն է՛լ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին»։