Երևանում՝ կառավարության շենքի դիմաց, ակցիա է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների։ Ակցիան կազմակերպել է «Կամք» շարժումը։
Շարժման համակարգող Սաիդա Պողոսյանն Armenia Today-ին հայտնել է, որ ցուցարարներն իշխանություններից պահանջում են հրաժարվել Տավուշի գյուղերը հանձնելու մտադրությունից։
«Պահանջում ենք, որպեսզի Նիկոլը չհանձնի Տավուշի գյուղերը, քանի որ դա կլինի շղթայական գործընթաց․ այսօր հանձնում է Տավուշը, վաղը՝ Տիգրանաշենը, Գորիսը, մի օր էլ կհանձնի Երևանը»,- ասել է նա՝ կոչ անելով քաղաքացիներին կանգնել տավուշցիների կողքին։
Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Արման Մխիթարյանը, Հայաստանի գործող իշխանություններին անվանել է «դավաճան»՝ ընդգծելով, որ նրանք երկիրը տանում են դեպի կործանում։
«Այստեղ ոչ միայն Տավուշի հարցն է որոշվում, այլ ողջ ՀՀ ճակատագիրը»,- նշել է նա։
«Կամք» շարժումն ապրիլի 25-ին՝ ժամը 12:00-ին, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման շրջանակներում Հայաստանի միակողմանի զիջումների դեմ հերթական բողոքի ակցիան կանցկացնի Տավուշում։
Ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ սահմանազատման հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են գործընթացն սկսել Տավուշի մարզից։ Այդ օրն՝ ավելի ուշ, ՀՀ վարչապետի աշխատակազմը նշել էր, որ սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին: Աշխատակազմում հստակեցրել էին, որ գործընթացի արդյունքում «Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն է՛լ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին»։
Մանրամասները՝ տեսանյութում։