ՀԱՊԿ-ին Հայաստանի վերամասնակցությունն անհնարին կդառնա, եթե Հայաստանի նկատմամբ կազմակերպության դիրքորոշումը պահպանվի, բրիտանական մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ում չկա մեխանիզմ, որի վրա անդամ երկրները՝ Ռուսաստանը, Հայաստանը, մյուս երկրները կարող են հույս դնել:
«Եվ մեր հարցը հետևյալն է, եթե մենք հույսը դնում ենք մի կազմակերպության վրա, որի վրա չարժե հույս դնել, և ոչ միայն մենք, այլև մյուսները չեն կարող այդ կազմակերպության վրա հույս դնել, և սա հիմնավորվում է կազմակերպության արձագանքով և անդամ որոշ երկրների հայտարարություններով: Մեր հանրությունը մեզ ասում է՝ դուք ինչո՞ւ եք շարունակում մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ: Եվ եթե անկեղծ ասեմ՝ ես այդ հարցի պատասխանը չունեմ»,- ասել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նշել է, որ Ալմա Աթայի հռչակագրով արձանագրված սահմանները նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտի են։ «Եթե այս սահմանը խախտվում է, պետք է գործարկվի ՀԱՊԿ անվտանգային մեխանիզմը։ Երբ այդ սահմանները խախտվել են 2021թ․ մայիսին, 2021թ․ նոյեմբերին և 2022թ․ սեպտեմբերին, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել»,- ասել է նա։
Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը պատերազմի չի պատրաստվում, այլ խաղաղության։ «Բայց քանի դեռ չունենք համոզմունք, որ ՀՀ-ն չի ենթարկվի հարձակման, պետք է զարգացնենք մեր պաշտպանական կարողությունները»,- ավելացրել է նա։
Ապրիլի 1-ին ՀԱՊԿ-ը Հայաստանում իր պատասխանատվության գոտի էր հայտարարել երկրի ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետական սահմանների շրջանակներում։
2024 թվականի մարտին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։
Մանրամասները՝ տեսանյութում։