Հայաստանն ու Ադրբեջանը սահմանագծման-սահմանազատման համար երեք տարբերակ են քննարկել, որի արդյունքում ընտրվել է միջինը՝ միջպետական սահմանը գծել Ալմա-Աթայի հռչակագրով, որը ո՛չ վատթարագույնն է, ո՛չ լավագույնը ՀՀ շահի տեսանկյունից, գրում է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի համաձայնել փոխզիջման տարբերակին՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն՝ ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք 90-ականների պատերազմի ընթացքում հայտնվել են հայկական վերահսկողության տակ, իրենք էլ հայկական հողերը տային»,- գրել է թերթը։
Ըստ թերթի՝ Հայաստանը «մեծ հաջողություն է համարել», որ չեն կանգնել վատագույն տարբերակի վրա, ըստ որի՝ Ադրբեջանն առաջարկել է Տավուշի 4 բնակավայրերն անհապաղ վերադարձնել իրենց, հետո առանձին-առանձին քննարկել Ջերմուկի, Գեղարքունիքի, Սյունիքի և մյուս մարզերի սահմանները:
ՀՀ ԱԳՆ ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի՝ սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին, իսկ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն է՛լ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները շարունակվում են նաև ապրիլի 23-ին։ Քաղաքացիները շարունակում են փակ պահել Կիրանց-Ոսկեպար ճանապարհը։