Ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանին երկրների փորձագիտական խմբերը սահմանազատման գործընթացի շրջանակում սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա, հայտնում են ՀՀ կառավարությունից։
«Ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը»,- ընդգծել են կառավարությունում։
ՀՀ ԱԳՆ ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին, իսկ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն է՛լ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները շարունակվում են նաև ապրիլի 23-ին։ Քաղաքացիները շարունակում են փակ պահել Կիրանց-Ոսկեպար ճանապարհը։ Ոստիկանությունը փակել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը, որտեղ ականազերծման աշխատանքներ են իրականացվելու։