Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի իշխանություններին կոչ է արել հրաժարվել «անհիմն հիշողություններից և իրատեսական հիմքով քարտեզ մշակել», հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։
Էրդողանը խորհուրդ է տվել կենտրոնանալ առկա իրողությունների վրա՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու հարցում և հավելել, որ «հնարավորությունների պատուհանը միշտ չէ, որ բաց է լինելու, և անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել պահը»։
«Տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկա ժամանակի իրողություններից: Հիմա դա հասկանում է նաև [ՀՀ վարչապետ Նիկոլ] Փաշինյանը։ Հիմա ժամանակն է ստեղծելու նոր ճանապարհային քարտեզներ՝ իրատեսական հիմունքներով: Հուսով եմ՝ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ ներքաշել է Սփյուռքը և կընտրի նոր սկիզբների ուղին լուսավոր ապագայի համար»,- ասել է Էրդողանը։
Փետրվարի 25-ին Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը հայկական Սփյուռքին «խաղաղություն չցանկանալու» մեջ էր մեղադրել։ Փետրվարի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդողանը հայտարարել էր, որ, իր խոսքով, «ԼՂ խնդրի լուծումից հետո հնարավորությունների պատմական պատուհան է բացվել, Հայաստանի հետ հարատև խաղաղությունը հույսի աղբյուր է»։ Էրդողանը հավելել էր, որ «այդ հարցում շարունակելու են աջակցել Ադրբեջանին»։