Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում ապրիլի 23-ին տեղադրվել է սահմանային առաջին սյունը, Facebook-յան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կիսվել սյան լուսանկարով։
Կառավարությունից հստակեցրել են, որ սահմանային սյունը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում։
«Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են»,- հավելել են կառավարությունից։
Ապրիլի 23-ին կառավարությունից հայտնել էին, որ հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման փորձագիտական խմբերն սկսել են կոորդինատների ճշտման գործընթաց, որի շուրջ պայամանավորվածություն էր ձեռք բերվել ապրիլի 19-ին՝ երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 8-րդ հանդիպմանը։
ՀՀ ԱԳՆ ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին, իսկ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն է՛լ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները շարունակվել են նաև ապրիլի 23-ին։