Ոստիկանները բերման են ենթարկել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած ցուցարարներին։ Ինչպես հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, բերման ենթարկվածների թվում են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Միհրան Մահսուդյանը և շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը։ Իրավապահները հեռացրել են նաև մայրուղին փակող մեքենաները։
Ցուցարարները երթով շարժվել էին դեպի Վրաստանի հետ սահմանամերձ Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհի մեկ այլ հատված։ Երթին մասնակցող Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին ոստիկանության ներկայացուցիչը զգուշացրել է, որ ոստիկանները թույլ չեն տա փակել ճանապարհը։ Դրանից հետո իրավապահներն սկսել են լրացուցիչ ուժեր կենտրոնացնել, այդ թվում՝ ոստիկանության հատուկ ստորաբաժանումներ։ Ոստիկանները շարվել են ցուցարարների առջև՝ թույլ չտալով նրանց փակել ճանապարհը։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտնել է, որ հրմշտոցի ժամանակ հրել են իրեն։ Նախնական տվյալներով՝ բերման ենթարկվածների թիվը հասնում է երկու տասնյակի։
ՀՀ ԱԳՆ ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին, իսկ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն է՛լ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները շարունակվել են նաև ապրիլի 23-ին։