Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 109-ամյակի իր ուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ իրական ՀՀ-ի մրցունակ, լեգիտիմ, մտածված և ստեղծագործ քաղաքականություններն են, որ կարող են բացառել ցեղասպանության կրկնությունը:
«Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք: Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում»,- ասել է նա։
Նա շեշտել է, որ 1,5 միլիոն զոհերը 1915 թվականից Օսմանյան կայսրությունում սրի քաշվեցին հայ լինելու համար:
«Այս մասշտաբային ողբերգությունը տեղի ունեցավ առաջին աշխարհամարտի տարիներին, և պետականություն չունեցող, պետականությունը հարյուրամյակներ առաջ կորցրած, պետականության ավանդույթն, ըստ էության, մոռացած հայ ժողովուրդն աշխարհաքաղաքական խարդավանքների ու սին խոստումների զոհ դարձավ՝ զուրկ լինելով, առաջին հերթին, աշխարհն ու նրանում գործող կանոններն իրեն հասկանալի դարձնելու ընդունակ քաղաքական մտքից»,- նշել է նա:
Փաշինյանի համոզմամբ՝ Մեծ եղեռնը համազգային ողբերգություն և հոգեցնցում է դարձել հայ ազգի համար, և նրա սոցիալ-հոգեբանությունը կանխորոշող գործոն է: «Մենք այսօր էլ աշխարհը, մեր միջավայրը, ինքներս մեզ ընկալում ենք Մեծ եղեռնի հոգեցնցման տիրապետող ազդեցության ներքո և չենք հաղթահարել այդ հոգեցնցումը»,- նշել է նա։
Վարչապետի խոսքով՝ լինելով միջազգայնորեն ճանաչված պետություն՝ մենք հաճախ այլ երկրների, միջազգային հանրության հետ հարաբերվում ու մրցակցում ենք հոգեցնցման վիճակում, և այս պատճառով երբեմն չենք կարողանում ճիշտ զատորոշել իրողություններն ու գործոնները, պատմական ընթացքներն ու կանխատեսվող հորիզոնները:
«Գուցե նաև սա է պատճառը, որ մենք ստանում ենք նորանոր ցնցումներ՝ Հայոց ցեղասպանության հոգեցնցումը վերապրելով արդեն որպես ժառանգություն և որպես ավանդույթ: Այս իմաստով չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում»,- հավելել է Փաշինյանը:
Նա նաև ընդգծել է, որ պետք է հստակեցնել Մեծ եղեռնի և Հայաստանի Առաջին Հանրապետության հարաբերությունները, Մեծ եղեռնի ընկալումը հարաբերել Հայաստանի Հանրապետության՝ ազգային պետականության կենսական շահերի հետ:
«Ի՞նչ պիտի անենք և ի՞նչ պիտի չանենք, որպեսզի հաղթահարենք ցեղասպանության հոգեցնցումը և բացառենք այն որպես սպառնալիք: Սրանք հարցեր են, որ մեր քաղաքական, քաղաքագիտական, գեղագիտական ու փիլիսոփայական մտքի քննարկման առանցքային առարկան պիտի լինեն, բայց Մեծ եղեռնի փաստի հետ հարաբերվելու այսպիսի դիտանկյունը տարածված չէ մեզանում»,- եզրափակել է Փաշինյանը:
Հայերի բնաջնջումը միջազգային իրավունքի համաձայն պաշտոնապես ճանաչվել է որպես ցեղասպանություն և դատապարտվել 34 երկրների կողմից, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Բելգիայի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի։ Թուրքիան, Ադրբեջանը, Իսրայելը, Մեծ Բրիտանիան և մի շարք այլ երկրներ չեն ճանաչում Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն, իսկ որոշներն ունեն ցեղասպանության ժխտման ագրեսիվ քաղաքականություն։