ՄԻՊ խմբերն այս պահին էլ գտնվում են Տավուշում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասանը։
Նա հիշեցրեց, որ ՄԻՊ գրասենյակը երեկ արդեն դատապարտել է Տավուշում ոստիկանական ուժերի կողմից կատարված ոչ իրավաչափ գործողությունները, քննադատել բռնության ցանկացած դրսևորում։
Նա նշել է, որ տարեկան հաշվետվության մեջ մանրամասն անդրադարձել է ոստիկանության կողմից թույլ տված իրավախախտումների խնդրին և պահանջել ոչ միայն հետաքննել այդ դեպքերը, այլև քայլեր ձեռնարկել պետական մարմինների կողմից խնդիրը հաղթահարելու ուղղությամբ։
Ըստ նրա՝ մարդու իրավունքների տեսանկյունից խնդիրներ են արձանագրվել գրեթե բոլոր ոլորտներում, որոշ դեպքերում դրանց տրվել են լուծումներ։
«Մարդու իրավունքների տեսանկյունից կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Այն դեպքերում, երբ մենք խնդիրներ ենք ներկայացրել պետական մարմիններին, լուծվել են, բայց դրանք պետք է համակարգված լուծվեն։ Այս տեսանկյունից անելիքներ կան»,- ընդգծել է ՄԻՊ-ը։