Բաքուն շարունակում է Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովին։
Ամիրբեկովն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Հայաստանն այսօր ավելի մոտ են խաղաղությանը, քան երբևէ: Նա «դրական է գնահատել սահմանազատման մեկնարկի շուրջ գործընթացները»։
Միևնույն ժամանակ՝ նա խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև «դեռևս չլուծված հարցերի մասին»։
«Մինչ օրս կան հարցեր, որոնք մնում են չլուծված։ Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն, քանի որ ներկայիս տարբերակում հաստատվում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է կազմում։ Սա Հայաստանի տարածքային հայցն է Ադրբեջանի դեմ»,- ասել է Ամիրբեկովը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին հայտարարել էր, որ Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն՝ գործող խորհրդարանական կառավարման ձևի պահպանմամբ։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 24-ին ասել էր, որ Բաքուն Հայաստանի Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի դրույթը խնդիր է համարում: Ադրբեջանի ԱԳՆ-ն փետրվարի 19-ին Հայաստանից պահանջել էր Սահմանադրությունից և օրենսդրական ակտերից հանել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ արտացոլված պահանջները»։