Հայոց ցեղասպանությունը դիտարկվում է որպես միջազգային իրավունքի դեմ ուղղված ոճրագործություն և չի դիտարկվում որպես երկկողմ հարաբերությունների կարգավորման հարթության մեջ մտնող երևույթ, Armenia Today-ի թղթակցին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Նա այսպես պատասխանեց հարցին, թե արդյոք Ցեղասպանության ճանաչումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման հանդիսանո՞ւմ է, թե՞ ոչ։
Վարդանյանը չմեկնաբանեց ՔՊ-ի կողմից շրջանառվող տեղեկությունը, թե Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի անունները պետք է ցուցակագրել։
«Օրվա խորհրդից ելնելով՝ այսօր այդ հարցը պետք չ՝ քննարկել, այն ինչ վերաբերում է տարբեր տեսակի առաջարկներին, ասեմ, որ այդ առաջարկներից շատերը ձևավորվել են 30-40 տարի առաջ, հետազոտություններն իրականացվել են տարբեր գիտահետազոտական ինստիտուտների կողմից։ Որևէ նոր գաղափար ես չեմ տեսնում»,- ասաց Վարդանյանը՝ շեշտելով, որ ցեղասպանությունը հանցագործություն է նաև անձի ինքնության դեմ, որով այն տարբերվում է այլ բնույթի հանցագործություններից։
Ապրիլի 15-ին ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Հայոց ցեղասպանության զոհերի անվանական ցուցակ ստեղծել։ Նրա խոսքով՝ դա մեկ պարզ բացատրություն ունի, որպեսզի իմանանք մեր բոլոր 1,5 միլիոն զոհված հայրենակիցների հասցեները։ Նրա խոսքով՝ եթե դա հաջողվել է հրեաներին, ապա կհաջողվի նաև հայերին, սակայն մինչև այժմ այդ ցուցակագրումը չի իրականացվել։ Ըստ պատգամավորի՝ դա կարևոր է հայ-թուրքական հարաբերությունների կառուցման համար։