Ռուսաստանը Հայոց ցեղասպանության ողբերգությունը միշտ ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի շատ քաղաքներում ապրիլի 24-ին հիշատակի միջոցառումներ են անցկացվել։
«Այս ողբերգական տարեթիվը պատմական, հոգևոր, բարոյական և քաղաքական տեսանկյունից հսկայական նշանակություն ունի մեր դաշնակից Հայաստանի, բարեկամ ժողովրդի և Ռուսաստանում բազմամիլիոնանոց հայկական սփյուռքի համար»,- ասել է նա։
Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Վաղ առավոտից մարդիկ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ապրիլի 23-ին Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկել էր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկից առաջ մասնակիցները, ավանդույթի համաձայն, այրել էին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։
Կարդացեք Armenia Today-ի խմբագրակազմի առանցքային, օբյեկտիվ և փաստերի վրա հիմնված գիտական հետազոտությունները ցեղասպանության վերաբերյալ, արվեստի գործերը և դժոխքի տանջանքներից փրկված մարդկանց հիշողությունները։