Մարդիկ հասկանում են, որ այսօր Տավուշն այն դիմադրության օջախն է, որ կարող է պահել Հայաստանի Հանրապետությունը, պայքարը կարևոր փուլ է թևակոխում, Armenia Today-ին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության համահիմնադիր Գառնիկ Դանիելյանը, ով Տավուշի համար մղվող պայքարի առաջամարտիկներից է:
«Այն գործը, որ սկսվել է մեր հայրենակիցների կողմից, հիմա հանրապետության բոլոր մարզերում րոպե առ րոպե նոր թափ է առնում»,- հավելեց նա։
Ըստ պատգամավորի՝ եթե Տավուշում դիմադրությունը կոտրվի, ապա պրոցեսը կշարունակվի այլ մարզերում։ «Ես համոզված եմ, որ այս պայքարն անհնար կլինի կոտրել։ Իշախանությունը ցնցումների մեջ է՝ Ծիծեռնակաբերդի կատարվածն այն ցուցիչն է, որ ՀՀ-ում չկա տեղ, որտեղ իշխանության օրակարգն ընդունվի»,- հավելեց Դանիելյանը։
Ըստ նրա՝ ՀՀ այսօրվա իշխանության օրակարգը Հայաստանն ադրբեջանացման գործընթացին տանող ծրագիրն է, որի դեմ էլ ուղղված է քաղաքացիների արդար ցասման պայքարը:
«Հայ մարդը չի կարող կողմ լինել այս ծրագրին: Մենք մեր հայրենիքում ազատ ապրելու իրավունքի համար ենք պայքարում: Եթե դիմադրությունը կոտրվի, ապա հաշված ամիսների ընթացքում Հայաստանը շատ ծանր խնդիրների առաջ է կանգնելու»,- նշեց Դանիելյանը:
Ընդդիմադիր պատգամավորը վստահ է, որ այս իշխանության օրակարգով Հայաստանին ապագայում սպասվում են նորանոր զիջումներ: Երկրի իշխանությունը ոչ հայտարարված կապիտուլացիոն գործընթաց է մեկնարկում, դրան համաձայնելը միայն «կբացի Ադրբեջանի ախորժակը»։
«Եթե հայն այս գործընթացին անտարբեր է, ապա դա ևս ջուր է լցնում թշնամու ջրաղացին»,- ավելացրեց նա։
Դանիելյանի խոսքով՝ այսօրվա իրավիճակում իշխանությունների որոշման դեմ բողոքելու ցանկացած եղանակ արդյունավետ է:
«Պետք է բողոքի ձայն բարձրացնել: Եթե տանը նստած կարող են ֆեյսբուքյան գրառում անել և դեմ արտահայտվել, ապա դա էլ բողոքի ձև է: Կարող են տանից դուրս գալ, փողոցում պաստառ վերցնել ու բողոք արտահայտել: Բողոքի տարբեր ձևեր կան: Եթե քաղաքացին ուզում է բողոքի իր ձայնը բարձրացնի, ապա ձևը կգտնի, իսկ եթե ցանկություն չունի, ապա հազար պատճառ կգտնի: Իհարկե, սա ընդունելի չէ և ոչ մի պարագայում, քանի որ դա իրենց համար են անում»,- եզրափակեց Դանիելյանը։
ՀՀ ԱԳՆ ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին, իսկ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն է՛լ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին։
Մանրամասները՝ տեսանյութում: