ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոսկեպարցիներին մի բան էր ասել, համայնքապետերի հետ հանդիպումից հետո այլ բան է պարզվել, Armenia Today-ին հայտնեց Նոյեմբերյանի բնակիչը։
Նրա խոսքով՝ համայնքապետերը նույնիսկ հրաժարվել են լինել սահմանազատող և սահմանագծող հանձնաժողվի անդամ:
Վարազդատը, ով Նոյեմբերյան համայնքի ավագանու նախկին անդամ է, «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության մասնակիցներից է, և 6 օր է գտնվում է Կիրանց գյուղի ճանապարհի փակ հատվածում: Ակտիվիստի խոսքով՝ բողոքի ակցիան ոչ մի քաղաքական ուժ չի նախաձեռնել, բայց, միևնույն ժամանակ, այն Հայաստանի իշխանություններից կոնկրետ պահանջներ ունի՝ նախ ազատագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի տարածքները, որից հետո միայն սկսել սահմանի սահմանազատումը։
«Հիմա ժողովուրդն ինքնաբուխ հավաքվել է այստեղ, իշխանությանը հստակ պահանջ է ներկայացնում՝ միակողմանի զիջումներ չպետք է լինեն։ Իշխանությունը չի ուզում, որ այդ տարածքները մերը լինեն, դրա համար էլ ասում է, որ ադրբեջանական են։ Ինչո՞ւ սահմանազատումը և սահմանագծումն սկսել Տավուշից, եթե այս պահին օկուպացված տարածքներ ունենք Սյունիքում, Ջերմուկում, Վարդենիսում և Գեղարքունիքի այլ հատվածներում»,- նշեց Նոյեմբերյանի բնակիչը և վստահեցրեց, որ հետագայում ավելի լուրջ խնդիրների են բախվելու։
Ապրիլի 18-ին պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը հայտնել էր, որ Փաշինյանը Ոսկեպարում այլ բան է խոսել, Կիրանցում և Բերքաբերում՝ մեկ այլ բան: «Ոսկեպարում գյուղացիներին ասել է, որ Բերքաբերի մի կտորը՝ 850 հեկտար հողը, կփոխարինվի Ոսկեպարի ներքին հատվածով, հակառակորդը Բերքաբերում գետից այս կողմ չի անցնի: Բերքաբերում էլ ասել է՝ դուք ձեր հողի տերն եք, ոչ մի զիջում չի լինելու»,- նշել էր Մախսուդյանը:
ՀՀ ԱԳՆ ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին, իսկ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն է՛լ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին։
Ապրիլի 23-ին կառավարությունից հայտնել էին, որ հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման փորձագիտական խմբերն սկսել են կոորդինատների ճշտման գործընթաց, որի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ապրիլի 19-ին՝ երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 8-րդ հանդիպմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։