«Թաթոյան» հիմնադրամը հրապարակել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները՝ նշելով, թե ինչ վտանգներ և սպառնալիքներ են ստեղծվելու մարզում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման աշխատանքների արդյունքում։
Հիմնադրամը տեսանյութ է հրապարակել՝ պատկերավոր բացատրելով, թե ինչ է լինելու գործընթացի արդյունքում։
Հիմնադրամում ուսումնասիրության արդյունքում հայտարարել են, որ Տավուշի Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով, ինչպես նաև արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո։
«Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո։ Աճարկուտ տանող ճանապարհը հայտնվում է ադրբեջանական զինված դիտարկման ներքո։ Ոսկեպարի ճանապարհի առանձին հատվածներ հայտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո։ Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին. ադրբեջանական անմիջական զինված թիրախի ներքո լինելու պատճառով մարդիկ չեն կարողանալու այցելել եկեղեցի»,- ընդգծել են հիմնադրամում։
Նշվում է, որ Ոսկեպարում, Կիրանցում ու այլ գյուղերում քաղաքացիական տներ հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո, իսկ Ազատամուտ, Կայան, Այգեհովիտ և Վազաշեն գյուղերը զրկվելու են ճանապարհից՝ հայտնվելով մեկուսացման մեջ։
«Կայանը չի ունենա կենսական պայմաններ և այլընտրանքային ճանապարհ, ինչի պատճառով կդադարի գոյություն ունենալ որպես բնակավայր։ Կայանով ընթացող ճանապարհի փակվելու պատճառով Այգեհովիտը և Վազաշենը տնտեսական և անվտանգության լուրջ մարտահրավերների առաջ են կանգնելու։ Այգեհովիտում սահմանային փոփոխություններից հետո գյուղը կզրկվի հողատարածքներից և արոտավայրերից։ Հետևաբար, մարդիկ այլևս չեն ունենա գյուղատնտեսական գործունեության այդ տեսակներով զբաղվելու հնարավորություն. այն կա՛մ կվերանա, կա՛մ էականորեն կնվազի»,- հավելել են հիմնադրամում։
Նշել են, որ առաջ է գալու Սաթլմիշ կոչվող բարձունքի հարցը։
«Եթե ադրբեջանական զինված ծառայողներ հայտնվեն այս բարձունքի վրա, ապա ուղիղ վերահսկողության տակ կվերցնեն ոչ միայն Ազատամուտ, Աչաջուր, Սևքար, Սարիգյուղ, Բերքաբեր, Ծաղկավան գյուղերը, այլև Երևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհը։ Ոսկեպարի հատվածում խնդիրը միայն ներկայում գործող ճանապահով չի սահմանափակվելու։ Այս հատվածով են անցնում Հայաստանի համար ռազմավարական և կենսական նշանակության գազատարը, ինտերնետ կապի մալուխները և այլն։ Ոսկեպարում խմելու և ոռոգման ջրի ակնունքները նույնպես հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո։ Ոսկեպարի սահմանային փոփոխությունները լուրջ սպառնալիք են ստեղծելու Հայաստանի այդ ամբողջ տարածաշրջանի բնակչության համար։ Վտանգվելու է միջպետական նշանակության ճանապարհն առհասարակ»,- եզրափակել են հիմնադրամում։
ՀՀ ԱԳՆ ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում, Երևանում և շարունակվում են ապրիլի 26-ին։ Ապրիլի 25-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա 20 սահմանային սյուն է տեղադրվել։
Մանրամասները՝ տեսանյութում։