Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են, տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացը սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի՝ սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում, Երևանում և շարունակվում են ապրիլի 26-ին։ Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա 20 սահմանային սյուն էր տեղադրվել։