Հայաստանում շարունակվել են բողոքի ցույցերը՝ ընդդեմ սահմանազատման գործընթացի շրջանակներում Ադրբեջանին տարածքների հանձնման։
Իջևանում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանի գլխավորությամբ ցուցարարները երթ են անցկացրել՝ կոչ անելով քաղաքացիներին բողոքի ցույցեր կազմակերպել կառավարության քաղաքականության դեմ։
Շարունակվում է փակ մնալ Տավուշի Կիրանց գյուղի ճանապարհը։ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ հոգևորականները պաշտպանում են իրենց ժողովրդի շահերը սեփական պետությունից ու իշխանությունից։
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհի մի հատվածը Դեբետ գյուղի մոտ։ Նախաձեռնության տվյալներով՝ ոստիկանությունը բերման է ենթարկել նրա անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության նախագահ Գրիգոր Գրիգորյանին։ Ավելի ուշ նա ազատ է արձակվել։
Երևանի կենտրոնում «Բաբոն տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է անցկացրել՝ ի պաշտպանություն բողոքող տավուշցիների։
Ազգային դեմոկրատական բևեռ կուսակցությունը ևս երթ է անցկացել Երևանում։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։
Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում, Երևանում և շարունակվում են ապրիլի 26-ին։ Ապրիլի 25-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա 20 սահմանային սյուն է տեղադրվել։