Ապրիլի 28-ին Հայաստանում շարունակվել են բողոքի ակցիաները՝ ընդդեմ սահմանազատման գործընթացի շրջանակներում Ադրբեջանին տարածքներ հանձնելուն։
Առավոտյան հայտնի էր դարձել, որ ցուցարարները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը։ Այնուհետև «Ազգային ճակատ» ՀԿ-ն հայտարարել էր Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի Եղեգնաձորի մի հատվածի փակման մասին։ Ցուցարարները ճանապարհը փակել էին տրակտորով։
Ավելի ուշ հաղորդվել էր Գյումրիում երթի և Դիլիջան-Վանաձոր ճանապարհի փակ լինելու մասին։
Երևանում «Տանան հեռու խոխեք» նախաձեռնությունը ակցիա էր անցկացրել՝ ի աջակցություն տավուշցիների։ Ակցիայի մասնակիցները երթով շարժվել էին Երևանի կենտրոնական փողոցներով՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ կառավարության քաղաքականության դեմ պայքարին։ Ցուցարարները վանկարկել էին «պայքար», «Տավուշ» և տարել են Արցախի բազմամետրանոց դրոշը։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա 28 սահմանային սյուն է տեղադրվել։